Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Սարսափում եմ տնակում հավերժ ապրելու մտքից»

«Սարսափում եմ տնակում հավերժ ապրելու մտքից»
01.02.2013 | 13:52

2008-ին մեկնարկել է երկրաշարժի պատճառով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանաշինության պետական ծրագիրը: Լոռու մարզի Արևաշող համայնքի բնակչուհի Գայանե Ալավերդյանը հաշվառված է եղել անօթևանների ապահովման հերթացուցակում, սակայն 2012-ի դեկտեմբերին միայն ՀՀ քաղաքաշինության նախարարությունում պարզել է, որ իր դիմումը մերժման ենթակա է, և ինքը չի կարող ճանաչվել Արևաշող համայնքում պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու: ՀՀ քաղաքաշինության նախարարությունն իր մերժումը պատճառաբանել է աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի պատճառով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության կարգը հաստատելու մասին 2008 թ. ընդունված ՀՀ կառավարության N1337-ն որոշման 11-րդ կետի 2-րդ ենթակետով: Իսկ նշված ենթակետը սահմանում է, որ այն քաղաքացիները, ովքեր նախորդ տարիներին իրականացված պետական աջակցության ծրագրերի շրջանակներում օգտվել են բնակարանային պայմանների բարելավման համար իրենց իրավունքից, չեն կարող հանդիսանալ շահառու:
Գայանե Ալավերդյանը նշում է, որ ինքը պետական աջակցության ծրագրերի շրջանակներում բնակարանային բարելավում չի ստացել: Այնինչ, քաղաքաշինության նախարարությունը համարել է բնակարանային բարելավում, 1994 թ., երբ արդեն դադարեցվել էր պետական աջակցության միջոցներով շինարարությունը, Արևաշողի կարի ֆաբրիկայի տնօրենության և արհմիության համատեղ որոշմամբ նյութական խրախուսման և սոցկուլտ միջոցառումների, այսինքն` ֆաբրիկայի աշխատակիցների միջոցների հաշվին «Սպիտակ-2» շին. ԲԲԸ-ից ձեռք բերված և իրեն հատկացված կիսակառույցն է (առանց ներքին հարդարման և դուռ-լուսամուտների): Դրանք ֆաբրիկայի գերատեսչական շենքեր են, որոնք բնակելի դարձնելու համար բավականին միջոցներ էին անհրաժեշտ: Հետագայում` 2002 թվականին, Գայանե Ալավերդյանը, չունենալով աշխատանք, և սոցիալական պայմաններից ելնելով, 1500 դոլարով վաճառում է նշված կիսակառույցը:
Գ. Ալավերդյանը միանգամայն անհիմն է համարում քաղաքաշինության նախարարության կողմից իր դիմումի մերժումը: «Ես պահանջում եմ վերականգնել իմ իրավունքները: Նախ` իմ կողմից 2002 թվականին վաճառված կիսակառույցն ինձ է հատկացվել ոչ թե պետական աջակցության ծրագրի շրջանակներում, այլ որպես ֆաբրիկայի գերատեսչական շենք: ՀՀ կառավարության նշված որոշման մեջ ասվում է, որ անօթևանների ապահովման հերթացուցակից դուրս են մնում այն անձինք, ովքեր բնակարան կամ բնակելի տարածք օտարել են 2004 թ. հունվարի 1-ից հետո: Մինչդեռ ես նշված կիսակառույցը, որը բնակելի տարածք համարել չի կարելի, վաճառել եմ 2002-ին: Ծնողներիս մահից հետո ինձ է պատկանում ժառանգության իրավունքը, և ծնողներիս փոխարեն այժմ պետք է բնակարանի փոխհատուցում ստանամ ես: Ես ոչ օգնություն եմ խնդրում, ոչ էլ առավել ևս ողորմություն, ես պահանջում եմ հարգել իմ և ինձ նմանների իրավունքները: Ես իմ աշխատանքով ինձ ապահովել էի բարեկեցիկ ապրելու հեռանկար, իսկ հիմա սարսափում եմ տնակում հավերժ ապրելու մտքից, ինչ է թե մի կիսակառույց եմ վաճառել: Ես ուզում եմ, որ ապահով Հայաստանի քաղաքացին ապրի քաղաքակիրթ 21-րդ դարին վայել»,- մեզ հետ զրույցում նշում է Գ. Ալավերդյանը: Նա Արևաշող համայնքի առկա և ոչ թե հեռակա բնակիչ է, փաստացի կրողն է աղետի գոտու դժվարությունների, բայց զրկված աղետի գոտու վերոհիշյալ արտոնությունից: Սոցիալական կարգավիճակով միայնակ մարդ է, և եկամտի միակ աղբյուրը 16000 դրամ ընտանեկան նպաստն է: Այսինքն` սոցիալապես ամենախոցելի խավի ներկայացուցիչ է:
Գ. Ալավերդյանը համապատասխան նամակով դիմել է հանրապետության նախագահին, Ազգային ժողով, մարդու իրավունքների պաշտպանին` արդարությունը վերականգնելու հույսով: Սակայն զարմանքով նշում է, որ բնակարանային բարելավման խնդրի մասին բարձրաձայնող իր նամակը ՀՀ նախագահի աշխատակազմը վերահասցեագրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որն էլ անհասկանալիորեն պատասխան նամակում խոսել է ավանդների փոխհատուցման խնդրի մասին:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1926

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ